Քննարկմանը պիտի ներկա լիներ առողջապահության նախարարը կամ փոխնախարարը․ Լուսինե Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը դժգոհել է այն հանգամանքից, որ առողջապահության նախարարը ներկա չէ  ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկմանը․

«Ներողություն եմ խնդրում հանդգնության համար, բայց ես, որպես ԱԺ պատգամավոր, կարծում եմ՝ այստեղ պիտի ունենայինք նախարարի կամ փոխնախարարի ներկայությունը, ի՞նչն է պատճառը, որ այս պահին որոշման հեղինակների հետ չենք կարող քննարկել թեման»։

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել է, որ թեև որոշման հեղինակը կառավարությունն է, մինչդեռ ինքը ևս կարծում է, որ նախարարը պիտի ներկա գտնվեր քննարկմանը:

«Համաձայն եմ Ձեզ հետ, ճիշտ կլիներ, որ նախարարը ներկա լիներ: Սա այն հարցն է, որ նախարարը անձամբ պիտի մասնակցեր քննարկումներին, պատասխաներ հարցերին, որոնք ծագել են կոլետիվի անդամների, շահառուների և հանձնաժողովի մոտ», - ասել է նա:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանն ասել է, թե նախարարը և փոխնախարարները չեն կարողացել ներկայանալ զբաղվածության պատճառով, նրանք երկու օր է 24-ժամյա ռեժիմով են աշխատում․

«Այս պահին էլ միջգերատեսչական խումբ է աշխատում կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված: Դա է պատճառը, որ չեն կարողացել գալ: Մեր ժամանակ էլ խիստ սահմանափակ է, կարողացել ենք բացակայել 1.5-2 ժամ»։

Զեյնալյանն արաձագանքել է․  «Դուք ուրբաթ օրն էիք տեղեկացրել, որ նախարարը ներկա չի լինելու»: