Չլսեք մարդկանց, որոնք ընտրությունից առաջ խոստումներ են տալիս․ Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

վիտալի

«Իմ խնդրանքն է՝ ում ուզում եք՝ ընտրեք, բայց ճիշտ որոշում կայացրեք: Չլսեք մարդկանց, որոնք ընտրություներից առաջ հայտնվում են համայնքներում և զանազան խոստումներ տալիս: Հասկացանք, որ սոցիալական խնդիրներ ունեն, բայց մարդկանց ձայնը, հաղթանակը չի վաճառվում»։ Այս մասին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այդ առիթով նա այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներ, ներկայացրել իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

«Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից»,- ասել է Արցախի հերոսը՝ նշելով, իր թիմին ծանոթ են համայնքային խնդիրները, իր նախընտրական ծրագիրը տալիս է բոլոր խնդիրների լուծումը:

Նախագահի թեկնածուն նշել է, որ Իրանին և Ադրբեջանին սահմանակից գյուղերին պետք է տրվի ռազմավարական շրջանի կարգավիճակ, իսկ բնակիչները լինեն պետության հոգածության ներքո:

Վիտալի Բալասանյանը պատասխանել է նաև բնակիչների տարաբնույթ հարցերին՝ սոցիալական խնդիրներ, ճանապարհների վիճակ, բուժկետի բացակայություն, մանկաբույժի բացակայություն, Արցախի հարց։

«Կցանկանայի, որ Արցախում ապրողներն անխտիր մասնակցեն ընտրություններին, և ապրիլի 1ին բոլորը լինեն համախմբված, տարանջատված մարդ չլինի»,- հավելել է նա: