Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 89249-ի, կեսից ավելին ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոնավիրուս

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 89249, մահացել է 3057 մարդ, 45 175-ը բուժվել են։ Կորոնավիրուսը, Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի 68 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։

Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել նաև Հայաստանում։ 29-ամյա վարակակիրը Երևան էր ժամանել փետրվարի 28-ին Իրանից հատուկ չվերթով։ Ժամանման պահին ջերմություն կամ վարակին բնորոշ այլ ախտանշաններ նա չի ունեցել։ Կորոնավիրուսով վարակման փաստն ի հայտ է եկել օրեր անց, երբ բարձրացել է նրա ջերմությունը։

ծաղկաձոր

Այս պահին 29-ամյա երիտասարդը և նույն ինքնաթիռով նրա հետ Հայաստան տեղափոխված ՀՀ մյուս քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Վարակված քաղաքացու վիճակը լավ է, այս պահին նա բուժման անհրաժեշտություն դեռ չունի։

Նշենք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մեր հարևան Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նաև Թուրքիայում։

Վարակվածների ու մահերի ամենամեծ թիվը գրանցվել է Իրանում՝ 1701 հիվանդ և 41 մահ։ Մահացածների թվում են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, վարակված է շարունակում մնալ առողջապահության փոխնախարարը։

կորոնավիրուս
ԱՀԿ-ի կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․

1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,

2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,

3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,

4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։