Երևանում 18-ամյա օտարերկրացուն կողոպտածը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։ Տուժողը օտարերկրյա քաղաքացի էր։ 18-ամյա աղջկան կողոպտել էին Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում։ Հաղորդման համաձայն՝ փետրվարի լույս 24-ի գիշերը մի երիտասարդ աղջկա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ու բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր ու բանկային քարտ։

Մարաշի քրեական հետախույզների արագ արձագանքման ու ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Երևանի Աէրացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։

Դեպքի օրը՝ ժամը 15-ն անց 45-ի սահմաններում, կասկածվողն իրենց թաղամասում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հափշտակված պայուսակը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։