Եթե 1 շաբաթում վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա․ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նարեկ

1 շաբաթվա ընթացքում, եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքի մասին։ 

Հարցին, թե կորոնավիրուսի տաածումը կանխարգելելու համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, Զեյնալյանը պատասխանեց․ «Նախարարը երեկ հայտնեց, որ պահեստավորված դիմակներ կան, բայց տեղյակ չեմ, թե ինչ քանակությամբ են։ Իհարկե, իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է և ճիշտ հետևանք չի կարող ունենալ։ Ամեն դեպքում դիմակ կրելը վարակվելու հավանականությունը չի կրճատում»։

Դիտարկմանը, թե մարտի 2-ից արդեն պետք է սկսվեր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և փաստացի այն չի սկսվել, արդյոք սրա պատճառը վիրո՞ւսն է, Զեյնալյանը պատասխանել է, որ քարոզարշավի հետ կապված քննարկումներ են ընթանում, սակայն քարոզչության ակտիվ փուլը դեռ չի սկսվել. 1 շաբաթում, և եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կընթանա։