Թուրքական բանակը 1 ամսում Սիրիայում 54 զոհ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Իդլիբ

Փետրվարի 3-ից սկսած Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվում են բախումները թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև: 

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր թուրքական բանակը կենդանի ուժի 54 կորուստ ունի: Գրել է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մահացածներից 50-ը զինվորական է, 1-ը՝ բեռնափոխադրող մեքենայի վարորդ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 27-ին հայտնել էր թուրքական զինուժի ևս 3 կորստի մասին: Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի` այդ 3 սպանվածները եղել են  Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» անդամ: 

Մահացածները Թուրքիայի  25 տարբեր նահանգներից են:

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով փետրվարի 3-ին մահացել է 8, փետրվարի 10-ին` 4, 20-ին` 2, 22-ին` 1, 26-ին` 2, 27-ին` 33 և 28-ին` 1 Թուրքիայի քաղաքացի: 

Թուրքական բանակի զգալի կորուստներից հետո` մարտի 1-ին  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է «Գարնանային վահան» ռազմագործողության իրականացման մասին, որի մեկնարկը Թուրքիան տվել է փետրվարի 27-ին: