Փոխնախարարը հերքում է ԱՕԿՍ-ն օֆշորային ընկերությանը վաճառելու քրգործի հետ իր կապը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

փոխնախարարօֆշոր

«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են իմ անունը կապել ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ»: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Այս մասին Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել։ Գրառումն ամբողջությամբ ստորև․

«Հայտարարում եմ, որ նշված գործընթացի հետ ես որևէ առնչություն չունեմ: Նույն շինության մեջ, բայց առանձին հասցեում իմ ունեցած սեփականությունը հայտարարագրել եմ դեռևս 2018 թվականին, երբ «Իմ քայլ» դաշինքի կողմից առաջադրվել էի որպես պատգամավորության թեկնածու: Դրա մասին հայտարարագիր եմ ներկայացրել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնն ստանձնելուց առաջ:

Խոսքը խորհրդային տարիներից հայտնի «Թիֆլիս» ռեստորանի տարածքի մասին է, որը սեփականաշնորհվել է   դեռևս 1996 թվականին և առնչություն չունի «ԱՕԿՍ» ՀԿ-ի հետ: Այդ տարածքը ձեռք  բերելու ժամանակ ես որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, բացի այդ, մինչ իմ կողմից նշված սեփականության ձեռքբերումը այն մի քանի անգամ արդեն վերավաճառվել էր, և գնումն իրականացվել է սեփականաշնորհումից 21 տարի անց` 2017 թվականին:

Խնդրում  եմ այսուհետ այս թեմայով հրապարակումների ժամանակ առաջնորդվել բացառապես վերոգրյալ փաստերով»: