Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։