Իդլիբում իրավիճակը սրվել է, թեժ մարտեր են ընթանում Սարակիբ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը սրվել է, տեղում թեժ մարտեր են ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ  գործողությունները ծավալվում են Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում ու դրա մերձակայքում: Սիրիական բանակն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում գործի է դրել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուժերը:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեժ մարտերն ընթանում են ինչպես քաղաքի ծայրամասերում, այնպես էլ՝ խիտ բնակելի հատվածում: Նշվում է, որ ահաբեկիչներին օդային հարվածներով օգնում է թուրքական զինուժը:

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Մասնավորապես, Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է «գարնանային վահան» գործողության մասին: Նշենք, որ մարտի 5-ին սպասվում է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: