Էջմիածնի քաղաքապետարանը վերացրել է «ոչ»-ի «հուղարկավորության» գերեզմանաթումբը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ոչայո

Էջմիածնի քաղաքապետարանն արագ արձագանքել է և աշխատակիցները վերացրել են «ոչ»-ի «հուղարկավորության» համար պատրաստված գերեզմանաթումբը։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ այս «արարողության» կազմակերպումը ոչ մի կապ չունի իր ղեկավարությամբ Էջմիածնում գործող «այո»-ի շտաբի հետ։

«Դա քաղաքացիների նախաձեռնությունն էր, «այո»-ի շտաբը գլխավորում եմ ես և, բնականաբար, դա մեր շտաբից չէր ուղղորդվում, չէր ղեկավարվում, մենք տեղյակ չէինք այդ մտադրության մասին, պարզապես այդ պահին էլ. ցանցի կողմից շինարարական աշխատանքներ էին իրականացվում, դրա համար այդտեղ չէինք, հողակույտ կար և մարդիկ դրան թմբի տեսք են տվել ու արել այն, ինչ տարածվեց ֆեսյբուքում»,-նշեց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ մի քանի հոգի փողոցներից մեկում գերեզմանաթումբ էին սարքել և «ոչ»-ի «հուղարկավորությունն» էին իրականացնում։