4 հատի տեղը 20 շենք եմ կառուցել, պետք ա, կդադարեցնեմ․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News     

Ծառուկյան

Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել, օրենքի առաջ բոլորը հավասար, են, գործը իրավական մարմինների տիրույթում է, թող քննեն և իրենց կարծիքը ներկայացնեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ Աբովյանում առանց օրինական հիմքերի բազմաբնակարան շենքերի կառուցապատում սկսելու համար:

Դիտարկմանը, որ այդ շենքերի կառուցումը կապվում է հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ, նա ասել է․

«Արդեն 4 հատի տեղը 20 շենք եմ կառուցել: Նախնական քայլերը կատարել եմ, ում հետ հարցեր եղել է, եթե եղել են հողատարածքներ, բոլորի հետ պայմանավորվածություն եղել է: Քանի որ եղել է հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, դա միայն խոսքերով չի, այլ պետք է քայլեր արվեն, որ մարդիկ ներգաղթի ժամանակ բնակվելու տեղ ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, որ միայն այսկերպ է հնարավոր ներգաղթ լինի, մարդիկ գան: Հիմա պատճառներ են սարքում, պրոբլեմներ  են սարքում, մեղքը իրենց վիզը: Ես իմ խոսքերին տեր եմ եղել, կատարում եմ»:

Ըստ Ծառուկյանի՝ պետությունը չի կարողացել 6 ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել․

«Հիմա գնան ասեն՝ կեսը ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել… պետք ա, կդադարեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ: Ես իմ քայլը կատարել եմ։ Ամեն ինչ օրենքի տիրույթում է, օրինական է, թող իրավապահները քննեն»

Հարցին, թե աջակցելո՞ւ է Վահագն Գևորգյանին, Ծառուկյանը պատասխանել է. «Օրենքի առաջ ոչ մեկը չի կարող աջակցել, գնում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղները արդարացվում են»: