Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 52 մարդ, վարակվածների թիվը հասել է 2036-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

իտալիա

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի: Եվրոպայում համաճարակից ամենաշատ տուժած երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2036 դեպք: 

Ըստ քաղաքացիական պաշտպանության գործակալության՝ վարակից ապաքինվել է մոտ 149 մարդ: 742 մարդ դիմել է հիվանդանոց, որից 166-ն ինտենսիվ բուժում է ստանում: Վարակվածների ճնշող մեծամասնության մոտ ախտանշանները կա՛մ քիչ են եղել, կա՛մ բացակայել են, ուստի նրանք բուժվում են տնային պայմաններում:

The Guardian պարբերականը գրում է, որ Իտալիայի իշխանությունը 65 տարեկանից բարձր քաղաքացիներին խորհուրդ է տվել 2 շաբաթ տանը մնալ, քանի որ նրանք ամենախոցելի խմբերի ցանկում են:

ԱՀԿ-ի կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․

1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,

2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,

3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,

4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։