ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան մշակման փուլում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   

էդիռաման

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի այցը Երևան, Թբիլիսի, Բաքու մշակման փուլում է: «Արմենպրեսս»-ի` այցի ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ԵԱՀԿ քարտուղարության ԶԼՄ-ների հետ հաղորդակցության և կապի բաժնից:

«ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամայի` Երևան, Թբիլիսի և Բաքու այցերի ծրագիրը դեռևս մշակման փուլում է»,- հայտնեցին ԵԱՀԿ-ից:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման, Եահկ մշտական խորհրդին ներկայացնելով նախագահության գերակայությունները, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարագում։ 

«Հակամարտությունների կարգավորման հանձնառությունը, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն են, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- ասել է Ռաման:

ԵԱՀԿ գործող նախագահը, որպես կանոն, տարածաշրջան այց է կատարում նախագահության առաջին ամիսներին: Գործող նախագահը Հայաստան այցի ընթացքում հանդիպում է ունենում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ: