Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան «Chains On You» երգը երաժշտական նոր լուծումներ կստանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Աթենա Մանուկյան

«Եվրատեսիլ  2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի «Chains On You» երգը, որով երգչուհին ներկայանալու է, վերամշակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրել է Eurovoix-ը:

Երգչուհու երաժշտական թիմը հաստատել է, որ երգը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթելուց հետո որոշ փոփոխությունների է ենթարկվում: Արտադրական թիմն աշխատում է ձայնագրման ստուդիայում` երգը համալրելով հայկական երաժշտական ելևէջներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աթենա Մանուկյանը պատմել է, որ «Chains On You» երգը գրել են իր պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ երկու օրում, երբ ձայնագրում էին Աթենայի նոր ալբոմը, որը շուտով կթողարկվի: «Ուզում էի ստեղծել մի հիթ, որը կներկայացնի իմ ուժեղ անհատականությունը: Ես և իմ պրոդյուսերը շատ ենք չարչարվել: Բառերը գրել եմ ավտոբուսի մեջ, երբ մի կետից մյուս կետն էի տեղափոխվում:  Շատ եմ կարևորում երգիս իմաստը, որովհետև շատերն այն միանգամից չեն ընկալում: Երգում խոսվում է մարդկանց գանձերի՝ ադամանդների մասին՝ տաղանդի, շնորհի, որոնք միայն մեզ են պատկանում: Երբեմն փորձում են խլել այդ ադամանդները: Ուզում եմ ասել, որ դրանք կարող են փայլել միայն մեզ մոտ, քանի որ իրականում մերն են»,-նշել է երգչուհին:

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։