Նման տեղեկություն ստանալիս անհապաղ դիմել իրավապահ մարմիններին եւ տեղեկացնել մեզ. Մելոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

Մենք դատարան ենք ներկայացրել եւ ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, եւ դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրագետ,  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ  Գոհար Մելոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, լրտավամիջոցների ներկայացուցիչներ.

Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու եւ նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու դեպքում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Մեր՝ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչներիս համար, այս քարոզչական կողմի ձեւավորման նպատակներից է եղել նաեւ հենց վերոնկարագրյալ իրավիճակների կանխումը եւ վերահսկումը, ուստիեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն զուգահեռ, մենք դատարան ենք ներկայացրել եւ ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, եւ դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Հետեւաբար, «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին եւ/կամ տեղեկացնել մեզ»։