Բարեկեցիկ ապագա կերտելու մեր ծրագրերում ներառվել  է Ստեփանակերտի յուրաքանչյուր թաղամաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

արայիկ

«Ամբողջությամբ ավարտելու ենք փողոցների ասֆալտապատման և  կապիտալ վերանորոգման աշխատանքները, մայրաքաղաքի փողոցներում մեքենաների խցանումները վերացնելու համար կկառուցվեն գետնանցումներ, կլուծվի կոյուղու խնդիրը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Նա գրությամբ անդրադարձել է մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված քարոզարշավին։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Նախընտրական քարոզարշավի ծանրաբեռնված օրակարգովս պայմանավորված՝ վերջին օրերին փոքր-ինչ պասիվացել էր մեր հաղորդակցումն օն-լայն հարթակում: Յուրաքանչյուր օր, առանց բացառության, պլանավորված հանդիպումներից բացի, սոցիալական տարբեր խմբերի նախաձեռնությամբ ունենում եմ չնախատեսված մոտ մեկ տասնյակի հասնող ակտիվ քննարկումներ, որոնք տևում են մինչև ուշ գիշեր: Դա էլ, իմ կարծիքով, հանրային մեծ աջակցության դրսևորում է, որը թույլ է տալիս, հոգնության փոխարեն, ավելի մեծ ոգևորվածությամբ շարունակել քարոզարշավը:

Երեկ հանդիպումներս մայրաքաղաքում էին:

Կրկին հավաստիացրեցի, որ, մեր հաջողության պարագայում, նախ պետական կառավարման համակարգում, ուժային ծառայությունների ղեկավար պաշտոններում նշանակվելու են միայն հասարակության կողմից մեծ հարգանք վայելող մարդիկ: Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի զարգացման ծրագրին, ապա նախատեսում ենք առաջիկա հինգ տարիներին ամբողջությամբ վերանորոգել բոլոր այն շենքերի տանիքները, շքամուտքերն ու բակերը, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը: Ամբողջությամբ ավարտելու ենք փողոցների ասֆալտապատման և  կապիտալ վերանորոգման աշխատանքները, մայրաքաղաքի փողոցներում մեքենաների խցանումները վերացնելու համար կկառուցվեն գետնանցումներ, կլուծվի կոյուղու խնդիրը: Պատարայի ջրամբարի կառուցման արդյունքում անհամեմատ փոխվելու է մայրաքաղաքի խմելու ջրի որակը:

Բարեկեցիկ ապագա կերտելու մեր ծրագրերում ներառվել  է Ստեփանակերտի յուրաքանչյուր թաղամաս, ինչը որակապես փոխելու է յուրաքանչյուր ստեփանակերտցու ապրելակերպը: Մենք չենք ասում՝ լավ է լինելու, մենք ներկայացնում ենք այդ ամենն իրականություն դարձնելու իրատեսական ճանապարհը: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր խոսքի արժեքն ու նշանակությունը և տարիների ընթացքում ապացուցել ենք դա: Վստահե՛ք, և նոր արդյունքները երկար սպասեցնել չեն տա: