Քոչարյանի ձերբակալությունը հայ-ռուսական արդի խնդիրներից մեկը կարող է դառնալ․ «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Քոչարյան
«Կոմերսանտը» գրում է, որ Երևանի դատարանը մարտի 3-ին չի կարողացել որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր կարճել քրեական գործը։ 

Աղբյուրը գրում է, որ իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստվում են այն բանին, որ միջնորդությունը մերժվելու է, իսկ գործընթացը, որը սկսվել է գրեթե երկու տարի առաջ, կշարունակվի ևս մի քանի տարի: Ռոբերտ Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերից մեկը։ 

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 12 տարի առաջ հայկական մայրաքաղաքում ուժով ցրվել է ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Բախումների հետևանքով մարդիկ էին զոհվել: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որին իր ընդդիմադիր գործունեությունը երկու տարվա ազատազրկում էր արժեցել։ 

Ներկայացնելով դատական նիստի ընթացքը՝ «Կոմերսանտի» աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Քոչարյանի փաստաբանները Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ են հայտարարել:

«Դրա պատճառներից մեկը նախկին նախագահի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը, անվանել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությունը: Վերջինս հարցազրույցներից մեկում նախկին նախագահի նկատմամբ գործընթացին մասնակցած գործընկեր դատավորներին փաստացի մեղադրել էր երկրի քաղաքական ղեկավարության հրամանները կատարելու համար»,-գրում է աղբյուրը, ապա տեղեկացնում, որ իքնաբացարկի մասին որոշման միջնորդությունն այդպես էլ չի ընդունվել, և որ հարցը հնարավոր է՝ լուծում ստանա մինչև շաբաթվա վերջ:

Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի պաշտպանությունը չի ակնկալում, որ միջնորդությունների վերաբերյալ հաջողությունների կհասնի: Ավելին, փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ գործընթացը, որը սկսվել է 2018 թ.-ին կերկարաձգվի։

«Դա կարող է տևել առնվազն երկու տարի: Պետք է հիշել, որ մեղադրող կողմը և հետաքննության կողմն այնպիսի մասշտաբային գործ են հարուցել, որ հնարավորություն չկա, որ այն երկար ժամանակ չքննվի», - «Կոմերսանտ»-ին ասել է փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա: Նրանք բոլորը պետք է լսվեն, ինչը նույնպես կազդի գործի քննության ժամկետի վրա:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը խոստացել է, որ առաջիկայում պաշտպանությունը դատարանին կներկայացնի ՀՀ երեք նախկին վարչապետներից երաշխավորագրեր:

«Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործը չէ: Մոսկվան ի սկզբանե ուշադիր հետևում էր բարձր մակարդակի գործընթացին՝  կապված այն քաղաքական գործչի հետ, որը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ գործընթացը 2018 թ.-ին սկսվել է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ այն նպատակ չունի քաղաքական նկատառումներով նախորդներին հետապնդել»»,-գրում է աղբյուրը:

Հոդվածագիրը նաև հատկանշական է համարում, որ երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվել էր քրգործ, Պուտինը զանգահարել էր նրան և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Իսկ 2019-ի հոկտեմբերին, երբ Երևանում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Ռուսաստանի ղեկավարը հանդիպել էր ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Լևոնի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, և բոլորն այն մեկնաբանել էին որպես աջակցության դրսևորում:

«Նման մարդը, որը մեծ երկրի նախագահ է, երբ շնորհավորում է իմ հայրիկի ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ, հավանաբար հասկանալով, որ մեր իշխանություններին դժվար թե դա դուր գա ... Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է: Եվ ինչ ընկեր», - ասել է Լևոն Քոչարյանը «Կոմերսանտ»-ին:

Ըստ Կրեմլում «Կոմերսանտ»-ի իրազեկ զրուցակցի՝ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը համարում է քաղաքական: 

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը նաև նշել է, որ եթե մոտ ժամանակներս Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության շրջանակում չլուծվի, ապա նրա ձերբակալությունը հայ-ռուսական երկկողմ հարաբերության ամենաարդիական խնդիրներից մեկը կարող է դառնալ։