Վրաստան մուտքի «սև ցուցակները» կարող են վերանալ, տասնյակ անձանց արգելքը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«Հայ-վրացական երկկողմ հարաբերություններում պետք է ուժեղացնել փոխվստահության մթնոլորտը՝ բացառելով միմյանց հանդեպ կասկածամտությունը։ Միմյանց ինքնությունը հարգելու և թիկունքում որևէ հակագործողություն չանելու այս նոր իրավիճակը շատ է օգնում կուտակված խնդիրները լուծելու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը շատ լավ պատկերացնում է, որ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությունը բարդ խնդիր է՝ պայմանավորված  աշխարհաքաղաքական տարբեր վեկտորներով, բայց դրանով հանդերձ փոխադարձ մթնոլորտի ձևավորումը, դավադրությունների տեսության բացառումը, ընդանուր մարտահրավերների դեմ պայքարելու հեռանկարը դրդում են երկրներին գնալ նման գործակցության։

Պատգամավորը հայտնել է նաև, որ հայ-վրացական հարաբերություների խութերից հանդիսացող «սև ցուցակներում» դրական տեղաշարժ կա։
«Մեկ տասնյակ անձանց, այդ թվում՝ իմ, մուտքի արգելքը վերացվել է, և վստահ եմ, որ առաջիկայում գործընթացը տանելու է այն բանին, որ այդ «սև ցուցակները» ընդհանրապես վերանան»,-ասել է Թորոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։