Հատուկ ցուցում չունենք դասերը չշարունակելու համար․ երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Կառավարության հերթական նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:

«Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չունի որևէ մեկը այդ թվում հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է  հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդանոց, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,-ասաց Արսեն Թորոսյանը և նշեց, որ 162 նմուշ թեստավորում է մինչ օրս կատարվել, միայն մեկն է հաստատվել, և որ ամեն ինչ վերահսկելի է, ու հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել:

«Իսկ Գոլդեն Փելեսի ժողովուրդն ապահովվա՞ծ են ամեն ինչով»,-հետաքրքրվեց վարչապետը: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են, այդ թվում՝ ինտերնետ ու գրքեր, ապա հավելեց, որ նախատեսված է՝ վերջիններս հյուրանոցում կմնան մինչև մարտի 14-ը:

Նախարարը հայտնեց, որ Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուր, նոր դեպքերի գրանցման տեմպը և մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել:

«Սակայն աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և մի քանի հարյուր դեպքեր Ֆրանսիայում Գերմանիայում են գրանցվել: Վրաստանում և Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, ակնկալվում է, որ երկու-երեք շաբաթից, եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ անցկացնել, պիկն անցկացնելուց հետ նորից նվազում կտեսնենք այդ երկրներում»,-ասաց նա։