Սննդի ապահովման նոր համակարգը կգործի նաև «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ՔԿՀներ

2020 թվականի մարտի մեկից «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին:

Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը չորսն է, իսկ մինչև 2020 թվականի հունիսը այս համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

«Աբովյան» ՔԿՀ-ում մարտի մեկից գործող սննդի ապահովման նոր ծրագրին ծանոթանալու նպատակով արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը այցելել է ՔԿՀ՝ հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ եղել է ճաշարանում, ծանոթացել օրվա ճաշացանկին, համտեսել պատրաստված կերակրատեսակներից:

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ուրախությամբ փաստել է, որ սննդից օգտվում են բոլոր դատապարտյալները: «Ինչպես խոստացել ենք, մինչև 2020 թվականի հունիս բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կմիանան այս համակարգին»,- նշել է ՔԿԾ պետը:

«Ռեդի-Սթեդի» ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի խոսքերով՝ Քրեակատարողական ծառայության հետ քննարկվում է ծրագիր դատապարտյալներին խոհարարական դասընթացում ներգրավելու վերաբերյալ, որպեսզի ՔԿՀ-ից դուրս գալուց հետո, ունենալով խոհարարական հմտություններ, աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներ չունենան:

Մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարաբնույթ է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը և ընթրիքը: Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից: Նշենք, որ սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացվում է մատակարարող ընկերության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունը ապահովելու համար:

Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։