Ոստիկանապետի նախկին տեղակալի գործը կարճվել է, ևս 13 անձ մնում է մեղադրյալի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Սաշիկ Աֆյան

ՀՔԾ վարույթում քննվող «Մարտի 1»-ի քրեական գործով այս տարի մեկ բարձրաստիճան նախկին պաշտոնյայի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։ Խոսքը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի մասին, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ։

«2020 թվականին որոշում է կայացվել Սաշա Միքայելի Աֆյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, որի որի օրինականությունը ստուգվել է Գլխավոր դատախազության կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ներկայումս նախաքննության փուլում գտնվող քրեական գործով անցնում է 13 մեղադրյալ, որոնց թվում կան բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ երեք անձ՝ Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը և Տիգրան Խաչատրյանը, մահացել են ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված «Չերյոմուխա 7» տեսակի զինատեսակից արձակված կրակոցներից։

Քննությամբ պարզվել է մահվան դեպքերը գրանցված տարածքում «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց կիրառած ոստիկանների շրջանակը, որոնց թիվը 4-ն է եւ դեռ տարիներ առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, նրանց մեղադրանք էր առաջադրվել. «ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լևոն Հակոբյանին և Ավետիք Աթաբեկյանին, ինչպես նաև ՝ թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանին, Վարդան Սահակյանին դեռևս 2009թ. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի կիրառումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր վնաս կամ մարդու մահ։ Այսօր նրանք եւս շարունակում են մնալ մեղադրյալ։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգի տապալման համար։

Դատախազության գրավոր պատասխանի համաձայն՝ որպես մեղադրյալ են ներգրավված նաեւ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 2-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը եւ նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 2-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։

Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը շարունակում է մեղադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, թեեւ նրա խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատվել է արգելանքից։

Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով, քննիչ Արմեն Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը՝ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Աղբյուր` «Փաստինֆո»։