«Վազգենի սիրած կինը չէր կարող ինքնառեկլամով զբաղվել»․ Սպարապետի բարեկամներն արձագանքում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

անի

Մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր․ նա կդառնար 61 տարեկան։

Tert.am-ին տված հարցազրույցի շրջանակում երգչուհի Լիլիթ Կարապետյանը պատմել է իր ու սպարապետի սիրավեպի մասին։ Երգչուհին նաև ասել էր, որ Վազգեն Սարգսյանի հետ լուսանկարներ ունեն, սակայն դրանք Սպարապետի տանն են։

«Ես շփում չունեի իր ընտանիքի հետ: Բոլորիս էլ հայտնի է, որ հատկապես այդ թվականներին Հայաստանում մի քիչ այլ կերպ էին վերաբերում երգչուհու մասնագիտությանը: Դա շատ խոսակցությունների թեմա էր տալիս: Ինձ ասել էին, որ իր մայրն ուրիշ աղջկա է ուզում, բայց իր պարագայում դա չէր կարող լինել, որովհետև կյանքում առաջին անգամ սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել: Ճիշտ է, մայրն իր համար առաջին տեղում էր, նույն առաջին տեղում հայրենիքն էր, նույն առաջին տեղում իր եղբոր տղան՝ Կառլենն էր, բայց իմ հայտնվելուց հետո նույն առաջին տեղում նաև ես էի»,- պատմել էր Լիլիթ Կարապետյանը նաև հայտարարել, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ամուսնացած կլինեին, իսկ եթե  Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ կաջակցեր իր՝ երգչուհու կարիերային։

Հարցազրույցից ժամեր Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրերը ֆեյսբուքյան էջերում գրառում են արել՝ հայտարարելով, որ դա ապատեղեկատվություն է։

Ծովինար Սարգսյանը գրել է. «Հարգելով բոլորի անձնական կյանքին վերաբերող գաղտնիքները և զգացմունքները՝ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ մեկ նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի: Տեղեկացնեմ, որ ծանոթ եմ հորեղբորս ամբողջ ֆոտո արխիվին...»:

Վազգեն Սարգսյանի մյուս զարմուհին՝ Նոնա Սարգսյանը ևս գրառում է արել. «Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները՝ զգացմունքները և սերը՝ ուզում եմ ասել, որ պահե՛ք ձեր երազանքները ձեր ներսում... երազելը վատ բան չի... Ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։ Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր... Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք եւ 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։ Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»։

Վազգեն Սարգսյանի սանիկը՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ևս գրառում է արել՝ անդրադառնալով Լիլիթ Կարապետյանի հարցազրույցին և Վազգեն Սարգսյանի հետ ունեցած կապին։ 

«Կարդացի երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցը Վազգեն Սարգսյանի և իր «սիրո» պատմության մասին:

Ամենայն հարգանքով երգչուհու զգացմունքների նկատմամբ, բայց հիշեցի իմ ու Վազգենի վերջին հանդիպումը.

-Հըն նխշուն, ո՞նցն ա....
-Չէ, շատ «ճանապարհ» ունի անցած...

Վազգենը իրեն բնորոշ ծիծաղով ծիծաղեց, գրկեց գլուխս ու ասաց.
-Փաստորեն դու այսքան մեծացել ես (15 տարեկան էի)...

Հետևությունները թողնում եմ ձեզ...»։