Կենդանիների որսի, անզգայացման համար հատուկ հրացաններ կօգտագործվեն․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հակոբ

«Համալրվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական անձնակազմը, թարմացվում աշխատանքի մեթոդաբանությունը»: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ խոսելով Քաղաքապետի հանձնարարությամբ ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ քայլերից․

«Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման: ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչև ստերջացման և պատվաստման գործողությունները: Մոտակա շաբաթներին Էրեբունի վարչական շրջանի տարածքում շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները»:

Կարապետյանը նաև խոսել է մարդկանց անվտանգության կազմակերպման մասին․ «Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միևնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,- նշել է Հակոբ Կարապետյանը: