Փլուզում՝ Ներքին Չարբախում․ 38 և 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

1

Մարտի 8-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:

Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Առնոլդ Հարությունյանն ու պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Փրկարարները մոտ 2 ժամ աշխատեցին, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրեցին նրանց մահերը:

1

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր և 52-ամյա Գարիկ Մ.-ն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում մի քանի քաղաքացիների առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել էր, իսկ մի քանի քաղաքացիների էլ հոգեբանական օգնություն էին ցուցաբերում փրկարար-հոգեբանները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, մահացածները բարեխիղճ, մեծ հարգանք վայելող, ընտանիքին նվիրված անձնավորություններ էին, որոնք կյանքում ամեն ինչի հասել են սեփական քրտինքի շնորհիվ և խորը ափսոսանք էին հայտնում, որ այս ողբերգությունը հենց նման մարդկանց կյանքն է խլել:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 

1