Փաշինյանն այլևս պարտք չէ որևէ մեկին, գցված քաղաքացիները թող հանգիստ նստեն տեղները․Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ղազինյան

Ֆեյսբուքյան էջում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի՝ տան հետ կապված հայտնի զրույցին։

«Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակի դուրս գալու և բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանն օրինաչափ էր. «մեծ տղա ես, չես ամաչում եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի»։

Շատերի համար այս պատասխանը զարմանալի էր, նույնիսկ շոկային, բայց ոչ Փաշինյանին ճանաչողների համար։

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր էր կնքել այս քաղաքացու հետ, որում կողմերը ստանձնել էին փոխադարձ պարտավորություններ. քաղաքացին պարտավորվում էր Փաշինյանին բերել իշխանության, իսկ Փաշինյանը պարտավորվում է լուծել այդ քաղաքացու՝ տարիների ընթացքում կուտակված սոցիալական խնդիրները։

Քաղաքացին կատարեց իր բաժին պարտավորությունը, իսկ Փաշինյանը, իր այս պատասխանով, գցեց քաղաքացուն՝ կոպիտ կերպով ուղարկելով նրան հնարավորինս հեռու։

Մինչդեռ այս քաղաքացու խնդիրը լուծելու համար պետք էր ընդամենը 15-20 միլիոն դրամ, որը մեծ խնդիր չէր անօրինական հանրաքվեի վրա 3.5 միլիարդ դրամ ծախսվող և միլիարդավոր դրամներ պարգևավճարներ բաժանող Նիկոլ Փաշինյանի համար։

Քաղաքացին այլևս գերակայություն չէ, քանի որ Փաշինյանն նրան արդեն օգտագործել է և նա այլևս պիտանի չէ օգտագործման։ Հիմա ավելի կարևոր հարցեր կան լուծելու։

Քաղաքացիական պայմանագիրը միակողմանիորեն լուծված է, Փաշինյանն այլևս ոչինչ պարտք չէ որևէ մեկին, իսկ գցված քաղաքացիները թող հանգիստ նստեն տեղները, թե չէ «կփռվեն ասֆալտին» ու «կծեփվեն պատերին» մշտականի մասին երազող «ժամանակավոր պաշտոնակատարների» հրամանով»։