Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը․ Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աշոտյան ՀՀԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցերին։ Գրառումը՝ ստորև․

«Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշախանությունների տարբեր օղակների համար: Միակ թեզը, որ այդ օրերին փորձեցին շրջանառել նրանք այն էր, որ «Սերժ Սարգսյանը չի վերադառնա արտասահմանյան այցից և կխուսափի իրեն վերագրվող քրեական պատասխանատվությունից»:

Այս թեզը սակայն թիթեռի կյանք ունեցավ, քանզի նախատեսված ժամկետներում մեր պատվիրակությունը վերադարձավ Բրյուսելից, ինչը իշխանական պրիմիտիվ քարոզիչները փորձեցին ներկայացնել «Հահնրապետականները վերադառնում են» երկիմաստ, բայց անհեթեթ դատարկախոսությամբ:

Իշխանություններն ունեցան բավականաչափ խելք՝ վերջիվերջո չխոչընդտելու Սարգսյանի այցը Բրյուսել մի պարզ պատճառով, որը հայտնի դարձավ երեկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից․ Նիկոլ Փաշինանն ինքն էր պատրաստվում մեկնել Բրյուսել Սերժ Սարգսյանից 3 օր հետո: Ակնհայտ է, որ այս դեպքում նա ոչ մի կերպ չէր կարող եվրոպացի գործընկերների մոտ հիմնավորել, թե ինչո՞ւ է օրեր առաջ խոչընդոտել ընդդիմության առաջնորդներից մեկի այցը Բրյուսել:

Փաշինյանի այսօրվա այցը հատկանշական է մի քանի պատճառներով:

1. Այցը չունի հստակ միջպետական բովանդակություն, որևէ նոր բան չի բանակցվելու, չի ստորագրվելու, չի առաջանալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ:

2. Հետևաբար ակնհայտ է, որ այցի միակ նպատակը փորձել փարատել ԵՄ անհանգստությունները կապված գալիք հակասահմանադրական հանրաքվեի հետ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության բացակայությունը ոչ մի կերպ հիմնավորել և բացատրել չի ստացվում: Ներքին քարոզչությամբ այս հանգամանքը սվաղելու թեզերը դրսում պարզապես չեն կարող աշխատել:

3. Առանձին վերլուծության առարկա է Նիկոլ Փաշինյանի հայտը՝ հանդիպելու ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ:

Ամփոփելով ասենք, որ Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը:

Սակայն այսօր, «հպարտ քաղաքացու անձնագիր» և ծաղիկ բաժանելով, նա իր գործերը առաջ գցել չի կարող: Այնտեղ պրիմիտիվ քարոզչի կերպարը չի աշխատելու»: