Իդլիբի հետ կապված մեզ տրված խոստումները չկատարվեն՝ մեր մեթոդներով կմաքրենք․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

իդլիբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Սիրիայում վերսկսել ռազմական գործողությունները, եթե «չպահվեն Իդլիբի վերաբերյալ տրված խոստումները»: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Ինչ վերաբերում է «Գարնանային վահան» օպերացիային, եթե այդ տարածաշրջանի (Իդլիբ) հետ կապված մեզ տրված խոստումները չկատարվեն, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք այդ տարածքները մեր մեթոդներով մաքրելու»,- ասել է Էրդողանը:  

Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենց միակ նպատակը Թուրքիայում ապաստանած 3.6 մլն փախստականների և Սիրիայի հետ իրենց սահմանին մոտեցած 1.5 մլն փախստականների վերադարձն է իրենց տներ:

«Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կերաշխավորի Իդլիբի ժողովրդի կյանքի ապահովությունն ու մեր սահմանների անվտանգությունը»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Էրդողանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել մարտի 6-ից Իդլիբում հրադադար հաստատելու մասին:

Կողմերը պայմանավորվել են ձևավորել անվտանգության միջանցք, որը կձգվի Սիրիայի Հալեպ և Լաթակիա քաղաքները միացնող M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս։

Մարտի 15-ից սկսած էլ Ռուսաստանը և Թուրքիան պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա - Այն ալ-Հավր հատվածում։