Պետք է անհապաղ վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը․ Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աբովյան

«Լավատեսությունը լավ բան է, բայց միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն ռեզերվներ և հստակ տեսլական առ այն, թե ինչ ենք անելու»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի ազդեցությանը և դրանցի բխող հետևանքներին: Նա նշել է վերջին ԱԺ նիստերի ժամանակ իր բարձրացրած հարցին։ Այն, մասնավորապես, վերաբերում էր հարց է կորոնավիրուսի հետևանքներին, համաշխարհային տնտեսական կայունությանը, և Հայաստանի տնտեսապես պատրաստված լինելուն․

«Իմ այս հարցին կառավարությունը, կարծես թե, լուրջ չվերաբերեց և պատասխանեց, որ «ամեն ինչ լավ է, ոչ մի բան մեզ չի սպառնում և ընդհանրապես եկեք լինենք լավատես»,- գրել է Աբովյանը և հավելել, որ լավատեսությունը լավ բան է, բայց միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն ռեզերվներ և հստակ տեսլական առ այն, թե ինչ ենք անելու, եթե հանկարծ միջազգային տնտեսական կայունությունը հանկարծակի պայթի։

«Կորոնավիրուսի պատճառով նվազել է նաֆթի պահանջարկը միջազգային շուկայում (սկսեց ամեն ինչ Չինաստանի տնտեսական աճի դանդաղելու պատճառով): Սաուդյան Արաբիան որոշել է կտրուկ ավելացնել նաֆթի արտահանումը միջազգային շուկա, ռուսները նույնպես չեն պատրաստվում կրճատել նաֆթի արտահանումը, ամերիկացիները նունիսկ ստիպված են իջեցնել ֆինանսական տոկոսային դրույքները, եվրոպացիները շատ ակտիվ պատրաստվում են ֆինանսական փոթորկին։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում միջազգային տնտեսությունը կորցրել է 6 տրիլլիոն դոլար, ամբողջ աշխարհով նկատվում է հնարավոր տնտեսական ճգնաժամի բացահայտ ազդակներ»,- գրել է Աբովյանը՝ հավելելով՝ դա նշանակում է, որ պետությունները շատ ակտիվ պատրաստվում են լրջագույն տնտեսական ճգնաժամի՝ կոնսոլիդացնելով ռեզերվները և, փաստացի, հավաքելով մի բռունքի մեջ իրենց տնտեսական ներուժը։

Անդրադարձ կատարելով հայաստանյան իրավիճակին՝ Աբովյանը մեկնաբանել է․ «Իսկ մենք այս ամենի մեջ, կարծես թե, ապրում ենք աշխարհից լրիվ կտրված իրավիճակում, վատնելով թե՛ ռեսուրսները, թե՛ ժամանակը: Պետք չէ լինել հանճար, որ հասկանալ, եթե միջազգային ճգնաժամ պայթեց, իսկ այդ վատագույն սցենարը օրեցօր ավելի իրատեսական է դառնում, մենք կարող ենք հայտնվել ծանրագույն տնտեսական իրավիճակում, որից դուրս գալ կլինի ահռելի դժվար։ Պետք է անհապաղ վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը և լրջագույնս պատրաստվել հնարավոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին»։