Ո՞ւմ էր ուղղված Արցախի ՊԲ-ի հորդորը. նախընտրական ինտրիգներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Արցախ

Արցախում նախընտրական քարոզարշավն այդքան էլ հարթ չի ընթանում։ Խորհրդարանում իրենց տեղն ամրագրել ցանկացող քաղաքական ուժերը կամ նախագահի պաշտոնի համար թեկնածություն առաջադրած գործիչներն այս օրերին տարաբնույթ հայտարարություններ են անում, ահազանգելով, որ հայկական երկրորդ հանրապետությունում նախընտրական գործընթացն ինտրիգներով է ուղեկցվում, բավական մեծ է ներքին լարումը: 

Վկայությունն օրերս պաշտպանության բանակի տարածած հայտարարություն-հորդորն էր՝ «զերծ մնալ բանակը քաղաքական գործընթացներում ներգրավելուց»: 

24News-ի տեղեկություններով՝ Արցախի Զինված ուժերի հայտարարության հիմնական թիրախը նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է: «Բոլորս էլ գիտենք նրա անցած մարտական ուղին: Պարզ է՝ հրամանատարական անձնակազմի մեծամասնությանն անձամբ է ճանաչում, ու այս շրջանում, գուցե, փորձում է օգտագործել ունեցած կապերը: Բայց փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, ու նման խոսակցությունները շուտ են տեղ հասնում: ՊԲ-ի հորդորն, առաջին հերթին, Բալասանյանին էր ուղղված: Իհարկե, չի կարելի բացառել, որ սլաքները կարող էին նաև նախագահի մյուս թեկնածու, պետական նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կողմ էլ ուղղված լինեին։ Չմոռանանք, որ Հարությունյանը երկար տարիներ կարևորագույն պաշտոնի է եղել, հետևաբար՝ ոչ պակաս ծանոթություն ու շրջապատ ունի»,- ասաց մեր զրուցակիցը: 

Քարոզչության ժամանակ խարդախություններ անելու մասին էլ Վիտալի Բալասանյանն է ահազանգում: Թեկնածուն, փաստորեն, հաստատում է՝ նախընտրական մթնոլորտը «սիրով և հանդուրժողականությամբ» ներծծված չէ։

«Երեկ հանդիպել եմ նախագահին, խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել՝ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատրելի է», - ասում է Արցախի հերոսն ու ընդգծում՝ երկրի և ժողովրդի դեմ որևէ ոտնձգություն թույլ չի տալու: 

Փաստորեն տեսակետը, թե արցախյան ընտրությունները շատ ավելի հանգիստ, առանց միջադեպերի, ներքին գզվրտոցների են անցնում, կարծես թե, ոչ ակտուալ է դառնում:

«Դեռ այնքան ջրեր կհոսեն այս ընթացքում, այնպիսի կոմպրոմատներ կիրագործվեն իրար դեմ, որ չեք էլ պատկերացնի»,- որպես ամփոփում՝ ավելացրեց մեր զրուցակիցը:

Վրույր Սևակ