Քաղաքագետն առաջարկում է փակել Հայաստանի ուսհաստատությունները կորոնավիրուսի վտանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Հյակ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակին և ՀՀ իշխանության արձագանքին։ Գրառումը՝ ստորև․

«Ֆարիդ Զաքարիան քիչ առաջ CNN America-ի եթերում հայտարարեց, որ իր կարծիքով այս համաճարակն այլևս պանդեմիա է: Եվ նա միակը չէ: Ռիչարդ Քուսեսթն իր հերթին հայտարարեց, որ համաշխարհային ծանր ճգնաժամն այլևս անխուսափելի է: ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան բազում մասնագետների և բժշկական ու հասարակական կազմակերպությունների` զարգացած Արևմուտքում ամենավատ և ամենաթույլ արձագանքն է տալիս կորոնավիրուսին, որովհետև` ըստ նրանց` նախագահի վարչակազմը մտահոգ է ոչ թե քաղաքացիների առողջությամբ, այլ այս նախընտրական տարում տնտեսական ցուցանիշների անկմամբ և խուճապ թույլ չտալու հարցով: Մինչդեռ խուճապ ԱՄՆ-ում արդեն սկսվում է: Իրար հետևից փակվում են ամենահեղինակավոր և մեծ համասլարանները, ելնելով նահանգային սուվերենությունից` առանձին հնահանգներ` իրար հետևից որոշումներ են ընդունում փակելու նաև դպրոցները: Ամերիկայում դպրոցներ չփակելու իշխանության հայտարարված հիմնական մտահոգությունն այն է, որ տասնյակ հազարավոր չքավոր երեխաներ իրենց օրվա միակ ուտելիքը ստանում են դպրոցում մատուցվող լանչի տեսքով: Իսկ ամերիկյան ֆոնդային բորսան այսօր փլուզման պրոցես սկսեց: Դաուն ընկավ ինսնականներից չտեսնված ցածր ցուցանիշների: Տնտեսության անկումը կտրուկ է և խիստ զգալի: Հիվանդությունն այստեղ տարածվում է մեծ արագությամբ և ըստ տարբեր տվյալների` առկա է անգամ Կալիֆորնիայի հայաշատ հատվածներում:

Բոլոր մասնագետները միաձայն և համակարծիք են, որ ԱՄՆ-ում վարակվածների ցածր թվերը պայամանավորված են միայն նրանով, որ տեստավորել են ընդամենը երեք հազար հոգու, իսկ Ասիայում և Իտալիայում` տասնյակ անգամներ ավելի շատ: Իսրայելն ընդհանրապես դրակոնյան միջոցներ է ձեռնարկում և հատկապես` երկիր վերադարձող սեփական քաղաքացիների նկատմամբ: Եվ դա իմաստուն որոշում է:

Կարծես թե ամենաանհեթեթ, ամենախելագար, ամենահանցավորաբար անտեսվող իրավիճակը Հայաստանում է: Հասարակության կրթական ցենզն ընդհանուր առմամբ այնքան ցածր է, թե կարծում են թե իրենց վրա սա չի ազդի, կամ որ սա դավադրություն է ինչ-ինչ երկրների կողմից` ընդդեմ ինչ-ինչ երկրների: Գրիպի հետ համեմատություններն ընդհանրապես ողբալի տգիտության արդյունք են, և զարմանալի չէ, որ այդպիսի տգիտությամբ փայլել են արդեն նաև հայաստանցի մի շարք անվանի բժիշկներ:

Հայաստանում երկրի իշխանական վերնախավը լծվել է իրենց հանրաքվեն քարոզելու սրբազան գործին և իրականում թքած ունի առողջապահական և տնտեսական հսկայական սպառնալիքի վրա, որն առկա է: Ողջ աշխարհի առաջադեմ լրատվամիջոցներն օբյեկտիվորեն սարսափելի մանրամասներ են հաղորդում իրավիճակից: Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնըկղմվել: Եվ դատելով համաշխարհային փորձից ու օրինակներից` կարելի է եզրակացության գալ և, ըստ այդմ, արդեն վստահաբար թերևս պնդել, որ Հայաստանի ընդամենը մեկ հիվանդի հաստատված հանագամանքը պայմանավորված է շատ քիչ տեստավորված անձանց քանակով: Բազում հիվանդներ, հատկապես երեխաները` կարող են դառնալ վարակակիր և տարածել վարակը, բայց չունենալ որևէ ախտանշան: Մինչդեռ վաթսունհինգից բարձր անձինք և ոչ շատ առողջ երիտասարդները կարող են կորցնել իրենց կյանքը:

Դատապարտման են արժանի նրանք, որոնք պարսավում են կորոնավիրուսին անլուրջ վերաբերմունքի ցուցաբերման համար իշխանություններին քննադատողներին:

Հայաստանը պարտավոր է խիստ միջոցներ ձեռնարկել հնարավոր ներհայաստանյան համաճարակը կանխելու և թույլ չտալու համար: Անհրաժեշտ է փակել բոլոր ուսումնական հաստատությունները, աշխատավայրերի մեծ մասի գործառույթները տեղափոխել տներ և սկսել գրիպի ախտանշաններ ունեցող բոլոր անձանց մասսայական տեստավորումներ:

Ծայրահեղությո՞ւն է արդյոք դա: - Իտալացիներն այսօր այլևս խոստովանեցին, որ եթե չինական մոդելով գործեին` այսօր կարիք չէր լինի ողջ երկիրը ստիպված պարալիզացնելու և ամբողջությամբ կարանտինային գոտի հայտարարելու:

Եթե այդքան վախկոտ եք, հանգստացուցիչներ խմեք: Բայց պատրաստվեք: Միջոցներ ձեռնարկեք և կտրուկ, արմատական քայլեր կատարե'ք: Նայե՛ք աշխարհին: Դո՛ւրս եկեք ձեր մտահորիզոնի սահմաններից: Գոնե այս հարցում նմանակե'ք աշխարհի փորձը և դասեր քաղե'ք: Վաղը կարող է և ուշ լինել»: