Նրանք գիտակցում էին, որ վեճն իրենցից է ծագել, Արան հարբած էր․ պաշտպանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

մխիթարյանգրիգորյան

«Շատ կարևոր է, որ անմեղ անձը չենթարկվի անհարկի քրեական պատասխանատվության կամ քրեական հետապնդման»։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող Զավեն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։

«Չկա հիմնավոր կասկած առ այն, որ Զավեն Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը։ Այդ հիմնավոր կասկածը չկար արդեն գործի քննության կեսերից. 1-ից 2 ամիս անց արդեն կային գործում բավարար ապացույցներ, որոնցով ուղղակիորեն հերքվում էր, որ Զավեն Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը։ Տպավորություն է ստեղծվել, թե 7 կամ 8 սադիստներ դաժանորեն ծեծի են ենթարկել հայոց սպաներին, և նրանք աշխարհի ամենաանհայրենասեր մարդիկ են։ Դեպքը տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա»,- նշել է Սահակյանը։

Պաշտպանը ներկայացրել է դեպքի մանրամասները.

«Հարություն Գրիգորյանը՝ Զավեն Գրիգորյանի եղբայրը, որն այս պահին կալանավորված է, դեպքի օրը ժամը 00։00-ի սահմանում, իր մեքենայով ուղևորվում է դեպի իրենց բակ, վերջերս էին տեղափոխվել այնտեղ, բնակվում էր վարձով՝ իր կնոջ հետ։ Բակում կանգնած են լինում 4 սպաներ, որոնք 2 ռեստորաններում մասնակցել են խնջույքների, օգտագործել են ոգելից խմիչք, նրանցից որոշներն էլ եղել են ալկոհոլի ծայրահեղ ազդեցության տակ։ Կոնֆլիկտ է ծագում Հարություն Գրիգորյանի և սպաների միջև։ Ով է նախահարձակ լինում, ում գործողությունների հետևանքով է այդ կոնֆլիկտը ծագում, դա նախաքննության ավարտից հետո կիմանանք։ Գործով հաստատված է, որ կոնֆլիկտի արդյունքում Հարություն Գրիգորյանը փախչում է իրենց շքամուտք, բարձրանում է մինչև իրենց հարկ, սպաները նրա հետևից բարձրանում են մինչև իրենց հարկ, կոնֆլիկտը շարունակվում է նաև այդտեղ։ Հարություն Գրիգորյանը զանգահարում է իր ընկերներին ու եղբորը։ Դեպքը տեղի է ունենում, ինչ հանգամանքներում և ինչպես է դեպքը տեղի ունենում, դա կպարզի քննությունը»։ Պաշտպանը հավելել է, որ անհերքելի է Զավեն Գրիգորյանի՝ դեպքի վայրում չլինելը։

«Այդ դեպքից հետո Արա Մխիթարյանի անգիտակից վիճակում է լինում, ոչ թե Մխիթարյանի ընկերներն են զանգահարում շտապ օգնություն, այլ Հարություն Գրիգորյանը է զանգահարում։ Շտապ օգնություն զանգելուց մեկ րոպե առաջ է դեպքի վայր հասած լինում Զավեն Գրիգորյանը»։

Պաշտպանը հայտնել է, որ գործով վկա սպաները հարցաքննության ժամանակ ասել են՝ իրենցից է սկսվել կոնֆլիկտը։ Քննիչի հարցին՝ ինչպես պատահեց, որ Հարություն Գրիգորյանը միայնակ կարողացել է նրանց ծեծի ենթարկել, նրանք պատասխանել են․ «Մենք գիտակցում էինք, որ վեճը մեզնից է ծագել, Արան հարբած էր…։

Պաշտպանը նշել է, որ ցուցմունքները վկայում են այն մասին, որ կոնֆիլկտի մեջ ներգրավված են եղել Արա Մխիթարյանն ու Հարություն Գրիգորյանը․ «Մշակվեց այլ սցենար, թե Հարություն Գրիգորյանը մենակ չի եղել, նրա հետ են եղել այլ անձինք, այդ անձանց թիվն ամեն ամիս ավելանում էր»։

«Անհերքելի փաստ է նաև այն, որ Տրդատ Սարգսյանը նույնպես դեպքի վայրում չի եղել»։ Լևոն Սահակյանը շեշտել է, որ այդ փաստով ապացուցող տեսաձայնագրություններ և հեռախոսային խոսակցությունների վերծանումներ կան․ «Վարույթն իրականացնող մարմինը շուրջ 2 ամիս պարզում էր, թե Տրդատ Սարգսյանն այնտեղ եղել է, թե ոչ․ անհերքելի տեսաձայնագրություններով ապացուցվեց, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ չի եղել։

«Ունենք հերոս սպաներ, սակայն ունենք սպաներ, որոնք պաճառով զինվորներն են ինքնասպան լինում, ունենք սպաներ, որոնք պատրաստ են սուտ ցուցմունք տալ»։ Պաշտպանը մեկնաբանել է իր խոսքը՝ նշելով, որ եթե վկան սպա է, սա դեռ չի նշանակում, որ նրա ամեն մի ասածը հիմք է։ Նա պարզաբանել է․ «Նույնիսկ եթե այդ սպաները զղջան, ու տան իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, ապա մենք այս գործով անելու ենք ամեն ինչ, որ քրեարական գործ հարցուցվի՝ սուտ մատնության հատկանիշներով»։

Պաշտպան Լևոն Սահակյանը նշել է, որ վկաների ամեն ցուցմունք նախորդից տարբեր է եղել. «Գործով վկաներից մեկն ասում էր, թե Տրդատ Սարգսյանը ծեծում էր Արա Մխիթարյանին, սակայն տեսաձայնագրություններով պարզվեց, որ այդ օրը այդ ժամին նա եղել է իր խանութում, այսինքն՝ դեպքի վայրում չի էլ գտնվել այդ վկան»։

Լրագրողի հարցին՝ արդյոք Հարություն Գրիգորյանի հարազատները տեսակցե՞լ են Արա Մխիթարյանին, Սահակյանը պարզաբանել է․

«Հարություն Գրիգորյանի գերպարկեշտ ծնողներն ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ անենք, գնանք, տեսնենք, նամակ ուղարկենք, զանգահարենք։ Երբ տեսնում ենք Արա Մխիթարյանի հոր հրապարակումները՝ թող փորձվեն գան։ Այդ սպառանիքներից հետո ես չեմ կարող թույլ տալ, որ երկրորդ դեպքը տեղի ունենա։ Զավեն և Հարություն Գրիգորյանների հայրը բազմիցս դիմել է ինձ, բազմիցս հայտնել է իր ցանկությունը՝ գնալ, տեսնել, հաշտության փորձեր կատարել, որևէ կերպ օգնել։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում և հետևել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։