«Վստրեչի Ապերի» պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

արամվարդանյան

Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Ավելի վաղ Սահակյանը նշել էր. «Մամուլի հրապարակումները, որոնք առիթ են քրեական գործ հարուցելու համար, ոչինչ չփոխեցին։ Համենայն դեպս՝ նման հաղորդագրություն չտարածվեց, որ հարուցվել է։ Լրացուցիչ անգամ դիմելու ենք Գլխավոր դատախազին, որպեսզի հարուցվի քրեական գործ»։

Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված և զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ և, ինչպես երևում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետևանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաև հափշտակության դեպքեր։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Մարտի 4-ին Բուռնազյան փողոցում կրակոցներ են հնչել, որի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երկու անձ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը և 37-ամյա Էմիլ Ամիրյանը։ Վերջինս նախկինում եղել է Արամ Վարդանյանի թիկնազորում, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ին պատմել են տարածքի բնակիչները, ճամբարափոխ է եղել ու հիմա նրան առավել հաճախակի նկատել են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ , ներկայումս գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի շրջապատում։ Նրա անունը շրջանառվում է նաև Ա.Վարդանյանի՝ մտերիմ ընկերոջ՝ «Սիցիլի» սպանության համատեքստում։

Նշենք, որ վերջինս սպանվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, թե պարզել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ու հանձնարարել են ոստիկանությանը նրան հայտնաբերել ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Անցած շուրջ 4 ամիսների ընթացքում այդպես են ոստիկանությունը չկարողացավ կամ չցանկացավ հայտնաբերել այդպես էլ սպանության մեջ կասկածվողին։