Թուրքիայում վերջին հնգամյակում 48 տոկոսով կրճատվել են զենքի ներմուծման ծավալները

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News   

Թուրքիա

2015-2019թթ․ ընթացքում զենքի ներմուծումը Թուրքիա նվազել է շուրջ 48 տոկոսով։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ նշված հնգամյակում զենք-զինամթերքի ներմուծման ծավալների նվազման պատճառը Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացումն ու որոշ զինատեսակների մատակարարման գործընթացքում գրանցված ուշացումներն են։ Գրել է Ermenihaber-ը։

Ուշագրավ է, որ 1995-1999թթ․ ժամանակահատվածում Թուրքիան ամենից շատ զենք ու զինամթերք ներկրող երկրների ցանկում երրորդ տեղում էր։ Իսկ 2015-2019թթ․ ընգրկող հնգամյակում՝ արդեն 15-րդը։

Զեկույցում արձանագրվել է, որ ներկրման ծավալների նվազման մեջ մեծ դեր են խաղացել Գերմանիայի կողմից սուզանավերի մատակարարման ուշացում, ինչպես նաև՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան F-35 կործանիչների գործարքի չեղարկումը։ Բացի այդ՝ Թուրքիան նաև զարգացրել է ռազմանավերի ու զրահամեքենաների սեփական արտադրությունը։

Նշենք, որ 2015-2019թթ․ ամենից շատ զենք  արտահանած երկրներն են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իսկ ամենից շատ ներմուծող երկիրը՝ Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիան վերջին հինգ տարում նախորդ հնգամյակի համեմատ 130 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է ներկրել։ Վերջին հնգամյակում ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալներն ավելացել են 23 տոկոսով, իսկ զենքի արտահանման համաշխարհային ծավալների մեջ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 36 տոկոս։