Հռոմի պապը կոչ է արել քահանաներին հանդիպել կորոնավիրուսով վարակվածների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

80422.
Mirror.co.uk-ը գրում է, որ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում քահանայի՝ կորոնավիրուսով վարակման լուրից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապը քահանաներին խրախուսել է հանդիպել վարակակիրներին, այցելել հիվանդանոցներ և աջակցություն հայտնել ինչպես ախտահարվածներին, այնպես էլ բուժանձնակազմին։

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով վերջին 66 տարվա մեջ առաջին անգամ՝ Վատիկնում կիրակնօրյա պատարագի ժամանակ, Հռոմի պապը խախտել է պատուհանից ելույթ ունենալու ավանդույթը։ Պապի ուղերձը շենքի ներսից ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրվել․ դատարկ են եղել բոլոր աթոռները։ Այս չորեքշաբթի ևս պոնտիֆիկոսը ելույթ չի ունենա պատուհանից:

Նշենք, որ շաբաթվա սկզբին Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով դարձավ աշխարհում երկրորդ երկիրը Չինաստանից հետո։ Վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, 10 149 է, գրանցվել է մահվան 631 դեպք, ապաքինվել է 1004 դեպք։ Երկրում կարանտին է հայտարարված, փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, երկրի ներսում ճանապարհորդություններն արգելված են։