Միրզոյանը Սերբիայի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է Արցախյան հիմնահարցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

միրզոյանվուչիչիչ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
  
Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում և վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում: 
  
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պիտի օժանդակեն կողմերի միջև առկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը և շեշտել, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև վիզաների չեղարկման փաստը և վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար: 
  
Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե՛ բարեկամական խմբերի և հանձնաժողովների, թե՛ միջազգային խորհրդարանական ձևաչափերի մակարդակներում:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ: 
  
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և գործընկերներին կոչ անում` սատարել այս ձևաչափն ու որդեգրված սկզբունքները: