Փաշինյանն անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքում․ Աթանեսյանը՝ «ՈՉ»-ի շտաբին միանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով «ՈՉ»-ի նախաձեռնող խմբին իր անդամակցության մասին շրջանառվող այն խոսակցությանը, թե ինչպես կարող էր հայտնվել այդ թիմում, չէ՞ որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանն էր «Մարտի 1-ի» գործով: Գրառումը՝ ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին շրջանում, կապված իմ կողմից ՈՉ-ի նախաձեռնող խմբին անդամակցելու հետ, որոշ հանրային անձանց կողմից հաճախ շրջանառվում է այն միտքը, թե ինչպես ես կարող էի հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով:

Նպատակահարմար եմ գտնում պարզաբանել՝

Հանդիսացել եմ պարոն Փաշինյանի պաշտպանը 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քրեական գործի նախաքննության ավարտից հետո մեր համագործակցությունը դադարել է փոխադարձ համաձայնությամբ: Դադարեցման պատճառները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք և ենթակա չեն հրապարակման:

2008-2009 թթ. ընթացքում հանդիսացել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ փաստաբանը, որի հետ ակտիվ համագործակցությունը դադարեցվել է քրեական գործով պաշտպանությունը դադարեցնելու հետ միաժամանակ:
Մեծ հարգանքով եմ վերաբերվում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, որն իրեն դրսևորել է լավագույն կողմերից ամուսնու հետախուզման մեջ գտնվելու ընթացքում՝ որպես օրինակելի կին, լավ և վստահելի ընկեր:

Այդ ընթացքում ունեցել եմ շատ լավ հարաբերություններ խմբագրության աշխատակիցների հետ, ինչը հանդիսանում է իմ մարդկային կապիտալը:
Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ նրա ազատ արձակվելուց հետո տարիներ անց , ընդհանուրը 2-3 անգամ՝ հանրային միջոցառումների ժամանակ:

2015 թվականին նրա թիմի կողմից ստացել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամագրվելու առաջարկ, որը մերժել եմ, մասնավորապես, իմ փաստաբանական գործունեության մեջ քաղաքական կաշկանդվածություն չունենալու պատճառով:

Երբեք չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի ընկերը կամ մտերիմը:

Այսինքն՝ չունեմ և չեմ ունեցել որևէ բարոյական արգելք մշտապես արտահայտելու իմ կարծիքը հանրային հարցերի շուրջ, որը չէր համընկնի ընդդիմադիր Ն.Փաշինյանի կարծիքի հետ, առավելևս՝ վարչապետ Ն. Փաշինյանի կարծիքի հետ:

Ուրախ եմ, որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել ստանձնելու 2009 թվականին Ն.Փաշինյանի շահերի պաշտպանությունը, արել եմ հնարավորը, այդ աշխատանքը լավագույնս իրականացնելու համար:

Շարունակում եմ մնալ համոզված, որ Ն. Փաշինյանը դատապարտվել է ակնհայտ ապօրինի եղանակով և նա անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքում, անկախ այն բանից, որ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ այն կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել:

Միևնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ և իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որևէ հանգամանքից:

Շնորհակալ եմ, եթե այսքանն ընթերցեցիք,
Միշտ Ձեր
Տիգրան Աթանեսյան»։