«Ձեր տունը հեռու ա պարոն Փաշինյան». Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը հարթ չանցավ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

քաղաքական

Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներն ուրախ տրամադրությամբ չդիմավորեցին:

Վերջիններս դժգոհեցին, որ չնայած առկա վտանգներին՝ Փաշինյանը դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը: Փաշինյանը նշեց, եթե պարզվի, որ բնապահպանական այնպիսի վտանգներ կան, որոնք կառավարելի չեն, ապա հանքը չի աշխատի, եթե՝ ոչ, ուրեմն այն պետք է շահագործվի:

«Մենք չենք թողելու», - ասաց Ջերմուկի պահապաններից մեկը, Փաշինյանն էլ արձագանքեց.

«Չեք թողելու՝ մի թողեք, ձեր ցավն էլ տանենք: Չեք թողում էլի, ինչ ասեմ»:

Փաշինյանն ընդգծեց՝ կարծիք կազմելու համար իրեն մասնագիտական եզրակացություն է անհրաժեշտ:

Երբ Փաշինյանը սկսեց խոսել փորձաքննության մասին, Ջերմուկի պահապաններից մեկն ասաց.

«Ձեր տունը հեռու ա պարոն Փաշինյան, դրա համար տենց ա»:

«Եթե դուք իրոք մտածում եք, որ ես տենց մարդ եմ, որ մտածում եմ՝ «իմ տունը հեռու ա, թող ջերմուկցու տունը քանդվի», խի՞ եք իմ հետ խոսում, ընդհանրապես խի՞ եք թողում մտնեմ ձեր քաղաք, եթե դուք մտածում եք, որ ես էդ ընկալման մարդ եմ, ինձ բարև տալ չարժի ընդհանրապես», - ասաց նա:

Ջերմուկիցներից մեկն էլ ասաց, թեև Փաշինայնն անընդհատ ասում է, որ տարիներ առաջ էլ Ջերմուկում շենքերի փոխարեն եղել են ծառեր, բայց դրանք հատել ու տեղը շենքեր են կառուցել, մինչդեռ մետաղական հանքը և շինարարական փոշին չեն կարող համեմատել դրա հետ:

Ջերմուկի պահապանները նաև բողոքեցին, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ու ասում, որ իրենց փող են տալիս ճանապարհներ փակելու համար, մինչդեռ դա այդպես չէ:

Քննարկումների արդյունքում Ջերմուկի պահապաններն ու Փաշինյանն այդպես էլ համաձայնության չեկան:

Ջերմուկիցները սկսեցին բողոքել, իսկ Փաշինյանը հեռացավ: