Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ում հայտնաբերել են նաև հրացան և կրակված փամփուշտի պարկուճներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Մարտի 9-ին` ժամը 16-ի սահմանում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել նույն գյուղի 63-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:

Փայտանյութի ծավալն արձանագրելիս ոստիկանները մեքենայում հայտնաբերել են «Իժ» տիպի 16 մմ տ/չ մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, 10 փամփուշտ և կրակված փամփուշտի 3 պարկուճ:
Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: