Հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի առկայության պայմաններում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին և կարևորել քաղաքացիների առողջությունը, քանի որ ի վերջո հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն։ Ներկայացնում ենք Արփինե Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ:

Յուրաքանչյուրի պատասխանատվության սահմանը իր արժեքային համակարգն է, հոգատարությունը դիմացինի համար ու սեփական կարգավիճակի գիտակցումը։ Դե իհարկե նաև ադեկվատությունը, պրոֆեսիոնալիզմը և որ ամենակարևորն է՝ ինքնասիրահարվածության բացակայությունը։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ գիտեք թվարկածներիցս, որը ունեն ու, որը իսպառ չունեն մեր իշխանությունները։ Կորոնավիրուսի հետ կապված իրենց վարքագիծը ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ իրենց պատասխանատվության չափը։

Խնդրում եմ, եթե ձեր քարոզարշավը այդքան կարևոր է, վարչապետի երեկվա կամ որևէ ելույթ քաղաքներում ու գյուղերում մեծ էկրանի վրա ձայնով կամ առանց ձայնի պտտեք, բոլոր հեռուստաընկերություններով էլ ցույց տվեք։ Միևնույն է՝ ռեպերտուարը նույնն է՝ «նախկին», «ռոբասերժական» ու էլի նման բաներ։ Կարևորը մարդիկ կիմանան ինչ է ասում, բայց կլինեն անվտանգ։ Ի վերջո հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն։ Եթե իհարկե քաղաքացին որոշի, որ իր սեփական առողջությունը ավելի կարևոր է քան էպոսը՝ վասն նախնյաց։ Եթե դուք պատասխանատու չեք ուզում լինել ու մարդկանց ասել ճիշտը՝ դրանով ավելացնելով խուճապը, ապա մարդիկ ստիպված կլինեն պատասխանատու իրենց ու իրենց ընտանիքի համար։