Արբանյակից լուսանկարը զանգվածային գերեզմանոց է հայտնաբերել Իրանում. The Guardian

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Իրան.

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը գրում է, որ արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Իրանի Ղոմ քաղաքում կան զանգվածային գերեզմաններ, ինչից ենթադրում է, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվն իրականում շատ ավելի մեծ է։

Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին, երբ նոր գերեզմանափոսերն արդեն փորվում էին, Ղոմից մի պաշտոնյա երկրի առողջապահության նախարարությանը մեղադրել էր բռնկման իրական ծավալի մասին իրական տվյալները թաքցնելու համար: Նկարներից երևում է, որ փետրվարի վերջից գերեզմանների տարածքը կտրուկ ավելացել է, ինչը վկայում է, որ համաճարակի տարածման ծավալները հսկայական են, սակայն իշխանությունը փորձում է քողարկել դա:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը 10075 է, կա 429 զոհ: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 142-ի, մահվան դեպքերի թիվը՝ 4986։

Նշենք, որ Հայաստանում ևս կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է, այս պահին հաստատված 6 դեպք կա, ավելի քան 80 մարդ մեկուսացված է։