Կորոնավիրուսի պատճառով Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում նախատեսված հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

արայիկկ.

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ: Իրավիճակով պայմանավորված՝ քննարկվում է նաև Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված  հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:

Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսված  էր ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը արցախցի ընտրողների հետ, որից հետո ասուլիս պետք է տար: