Կառավարությունը 17,8 հազար եվրո հատկացրեց ՄԻԵԴ 2 որոշումները կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

միեդ

ՀՀ կառավարությունը մարտի 12-ի նիստի ժամանակ որոշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկոլյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով  2019 թվականի հոկտեմբերի 3-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հաշվին հատկացնել 7,8 հազար եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 3-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 3-ն է:

Մեկ այլ որոշմամբ ՄԻԵԴ-ի «Թոսունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հունվարի 16-ի որոշման պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 10 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար:

Որոշմամբ սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի16-ն է:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը 2019-ի հոկտեմբերի 3-ին հրապարակել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարան հասանելիության իրավունք) խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի խախտում (անձնական կյանքի հարգանքի իրավունք):

Նշվում է, որ գործը վերաբերում էր 1939թ.-ին ծնված Գուրգեն Նիկոլյանին, որը 2012թ-ին դատարան է ներկայացրել ամուսնալուծության և վտարման հայցադիմում ընդդեմ իր կնոջ, պնդելով, որ իրենց կոնֆլիկտային հարաբերությունները անհնար են դարձրել համատեղ կյանքը։ Սակայն, դատարանները երբեք չեն քննել նրա հայցը, քանի որ նա 2013-ին ճանաչվել է անգործունակ՝ կնոջ ու որդու կողմից բերված վարույթի հիման վրա։

Դատարանը գտել է, որ դիմումատուն չի կարողացել ոչ հայց ներկայացնել կնոջ նկատմամբ ամուսնալուծության և վտարման պահանջով, ոչ էլ դատարանում պահանջել վերականգնել իր իրավունակությունը, քանի որ ՀՀ օրենքը ընդհանուր արգելք է սահմանում անգործունակ ճանաչված անձանց համար դատարաններ ուղղակիորեն մուտք գործելու վերաբերյալ:

Նշվում է, որ իրավիճակն ավելի է սրվել այն փաստից, որ իշխանությունները դիմումատուի որդուն նշանակել են որպես նրա իրավաբանական խնամակալ, չնայած նրանց  կոնֆլիկտային հարաբերություններին։

Ավելին, դիմումատուին օրինական կարողությունից զրկելու վճիռը հենվել է ընդամենը մեկ հնացած հոգեբուժական զեկույցի վրա՝ առանց նրա հոգեկան խանգարման աստիճանը մանրամասն վերլուծելու կամ հաշվի առնելու այն, որ դիմումատուն չի ունեցել հիվանդության պատմություն:

Դատարանը  գտել է, որ որպես արդարացի բավարարում Հայաստանը Նիկոլյանին պետք է վճարի 7,800 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:

Ինչ վերաբերում է «Թոսունյանն ընդդեմ Հայաստանի» գործին, ապա դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով բողոք է ներկայացրել առ այն, որ 2013 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2016 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելը եղել է կամայական և անօրինական, չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» պահանջին, և որ ներպետական դատարանները չեն ներկայացրել վերաբերելի և բավարար հիմքեր իր կալանավորման համար:

Կառավարությունը Եվրոպական դատարանին տեղեկացրել է, որ գանգատով բարձրացված խնդրի լուծման նպատակով առաջարկում է միակողմանի հայտարարություն անել: ՄԻԵԴ-ը որոշել է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի։

Կառավարության միակողմանի հայտարարության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2016 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելը չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։ Բացի այդ, նախնական կալանքը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» պահանջին և դրա համար ներպետական դատարանների կողմից որպես «վերաբերելիև բավարար» հիմքեր ներկայացվող պահանջին, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով։

ՀՀ կառավարությունը, ընդունելով դիմումատուի իրավունքների խախտման փաստը, առաջարկում է դիմումատու Հակոբ Թոսունյանին վճարել 10 000 եվրո՝ որպես նրա կողմից կրած ցանկացած և բոլոր վնասի (ների) հատուցում։

Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը դիմումատուին վճարել 10,000 եվրո՝ որպես նրա կողմից կրած ցանկացած և բոլոր վնասի (ների) հատուցում: