Մի ընտանիքի 3 անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել, մի գերդաստան մեկուսացված է․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Էջմիածնում մի ընտանիքի 3 անդամ կորոնավիրուսով վարակված է, մի գերդաստանի անդամներ էլ՝ մեկուսացված։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հրատապ ուղիղ եթերի ժամանակ։

Վարչապետը հորդորել է չմեղադրել էջմիածին քաղաքի բնակչին, ապա նաև ներկայացրել ողջ իրողությունը։

«ՀՀ քաղաքացին, վերադառնալով Իտալիայից (երբեք որևէ երկրում որևէ պարագայում վերադառնալուց զրկելու ինստիտուտ չկա), օդանավակայանում ջերմաչափում է անցնում, հաշվառվում և գնում Էջմիածին, որից հետո ժամանակ առ ժամանակ ԱՆ ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացնում, և էս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվում։ Քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմության հանգամանքը, այլև, հասկանալի ավանդույթի համաձայն (հասկանալի է, որ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը), էս ընթացքում նաև սիստեմա է ընդունում և սիստեմայի տակից դուրս գալով՝ որոշում է կայացնում՝ մասնակցելու հարազատի նշանադրությանը, և էս ընթացքում շփվում է վարսավիրի հետ, ոսկերչի և գնում է նշանադրության արարողությանը։ Եվ, ըստ էության, ունենում ենք ճգնաժամային իրավիճակ, երբ ամուսինը հաստատապես վարակված է, իսկ նշանադրության մասնակիցները, այդ թվում՝ վարսավիրը, ոսկերիչը, մեկուսացված»,-ասել է վարչապետը։