Դատախազությունը ստացել է Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի ազատման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հասարակական

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը: 
Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազությունը ստացել է Արա Մխիթարյանի գործով դատարանի որոշումը, սակայն դեռ ուսումնասիրվում է, պարզ չէ՝ կբողոքարկվի՞ այն, թե ոչ», - նշեց Խաչատրյանը:

Նշենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակում  մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: 

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ արձակել 1,5 միլիոն գրավի դիմաց։