Կարող եք դիմել ձեր բանկային գործակալներին՝ հետաձգելու վարկային մարումների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ղազինյան

«Իրավիճակը հնարավորություն է տալիս պայմանագրերի կողմերին օրինական և հիմնավոր հրաժարվել փոխադարձ պարտավորությունների կատարումից՝ առանց որևէ հետևանքի»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ համարելու հայտարարությանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվել է պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ, որի դեպքում ԱՀԿ անդամ բոլոր պետությունները պետք է ձեռնարկեն սահմանափակող և համաճարակի տարածումը կանխող միջոցառումներ։

Սա դասական իմաստով համարվում է Force Majeur՝ անհաղթահարելի խոչընդոտ, որի մասին դրույթ ներառված են գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերում։ Այս իրավիճակը հնարավորություն է տալիս պայմանագրերի կողմերին օրինական և հիմնավոր հրաժարվել փոխադարձ պարտավորությունների կատարումից՝ առանց որևէ հետևանքի։

Հետևաբար, դուք կարող եք օգտվել այս հնարավորությունից և սկսել բանակցություններ ձեր գործընկեր կազմակերություններին հետ՝ առկա պարտավորությունների կատարման ժամկետների և պայմանների փոփոխության համար։

Մասնավորապես, դիմեք ձեր բանկային գործակալներին ձեր ունեցած բանկային պարտավորությունների կատարման նոր պայմաններ ստանալու նպատակով, այն է, հետաձգել վարկային մարումների ժամկետները կամ հրաժարվել դրանցից։ Լուծումը պետք է գտնեք պայմանավորվածությունների շրջանակներում։ Սա վերաբերվում է նաև բանկերում ավանդ ներդրած քաղաքացիներին, որոնց բանկերը կարող են չվճարել։

Իրավիճակը բավականին բարդ է, հետևաբար պայմանագրի կողմերը պետք է ցուցաբերեն առավելագույն հանդուրժողականություն և ճկունություն՝ միմյանց անվերականգնելի վնաս չհասցնելու համար։ Այս ընթացքում չկատարված պարտավորությունների համար որևէ իրավական հետևանք չի կարող առաջանալ պայմանագրի կողմերի համար։

Պետության կարգավորող մարմինների կողմից պետք է մշակվեն նորմատիվ ուղեցույցեր՝ այս գործընթացն առավել կանխատեսելի դարձնելու և պետությանը հնարավորինս քիչ վնաս հասցնելու համար։

Ակնհայտ է, որ տուժելու են բոլորը, և պետության սոցիալական պարտավորությունն է հասցվելիք վնասը հավասարապես բաշխել բոլոր սուբյեկտների միջև՝ պահպանելով արդարության և օրինականության սկզբունքը։

Հավատացած եմ, որ միասնական ուժերով և փոխադարձ հարգանքով մենք միասին կհաղթահարենք մեր երիտասարդ պետականության բաժին հասած այս աննախադեպ դժվար փորձությունը և դուրս կգանք առավել ուժեղացած։

Աստված պահապան մեր պետությանն Հայ ժողովրդին»: