Երևանի քաղաքային թշվառությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News        

Մարության-Վիրաբյան
«Կարծում եք ինչի՞ց է, որ Սունդուկյանից, Շիրվանզադեից ու Պարոնյանից հետո հայ դրամատուրգ չկա։ Կար Թիֆլիս քաղաքը՝ թիֆլիսցիների փոխհարաբերվելու կուլտուրայով, կային Բաքուն և Պոլիսը՝ իրենց լեզվով ու կուլտուրայով: Չի կարող դիալոգ լինել՝ առանց դիմելաձևի։ Հաշմանդամ լեզվով։ Այդպես կարելի է միայն ոտանավոր գրել և ուշունց տալ, և բնական էր, որ 80 տարիների մեջ Երևանը դրամատուրգ չծնեց և չի ծնի, քանի դեռ հայերի մայրաքաղաքը քաղաք չի դառնում»։ 

Վանո Սիրադեղյան

Յուրաքանչյուր քաղաք, որն ունի մայրաքաղաքի աստիճան պետք է միջազգային մակարդակ ունենա` հակառակում դա մի կենսատարածք է, որի անունն ու բուն բովանդակությունը չեն համապատասխանում իրար:

Երևանը գլուխ գովելու երկու առիթ ունի` Արգիշտի Ուրարտացին, որը բլրի վրա ամրոց շինեց ու պարիսպ քաշեց (թե Հռոմից հին ենք) և սովետական մի քանի տասնամյակի քաղաքային կոլորիտը, չգրված օրենքներն ու մթնոլորտը:

Անկախությունից հետո թևակոխեցինք պատերազմի փուլ, հետո` կայունացում, ապա Քոչարյանի շրջանի վիճահարույց ու բազմիցս քննադատված քաղաքաշինական ռեժիմը, դրանից հետո տեխնիկական շրջան և հիմա իշխանափոխությունը Երևանին նվիրել է Հայկ Մարությանին` նույն ինքը Կարգին Հայկոյին: Թե ինչ տրամաբանության հետևանքով սերիալային ժանրի ճանաչված և սիրված կատակերգու դերասանը առաջ քաշվեց որպես մայրաքաղաքապետացու՝ դժվար է տրամաբանել: Իհարկե կառավարման մեջ կարևորը ոչ այնքան մասնագիտական չափանիշներն են, որքան բնավորության հատկությունները և մտավոր ունակությունները: Քաղաքական պատմության մեջ շատ են նման օրինակները: Նույնը Ռեյգանը երկար տարիներ դերասան է եղել, բայց համարվում է Ամերիկայի հինգ լավագույն պրեզիդենտներից մեկը: Կամ օրինակ մենք ունեցել ենք կուլտուրայի մինիստր` Կամո Ուդումյանը, ով գյուղից էր, բայց դարձավ ոլորտի պատմության մեջ լավագույն կառավարիչներից մեկը, որովհետև աշխատանքը իրականացնում էր մշակույթի երևելիների հետ կարևոր հարցերում խորհրդակցելով:

Քաղաքապետ Հայկը, ինչպես և իր իշխանությունը, կտրված է ինտելեկտուալ անհատներից ու խմբերից: Այդ կամուրջները չկան: Աշխատանքի մակերեսում սա մեծ բաց է առանց որի լրացման որակով գործի գլուխ գալը գրեթե անհնար է: Հայկ Մարությանը չունի հետաքրքիր պրոյեկտներ և իր միակ հաջողությունը զիբիլի դեմ պայքարում ուշացած հաղթանակն էր: Երբ աղբը, անցյալ տարվա ամռան տոթին, ապրեց լիաթոք` իր իրավունքների մեջ, «բուրելով» ու ոտքի հետ գնալ- գալով և եղանկի ցրտելով արդեն իսկ պիտի նահանջեր, քաղաքապետարանը ջախջախիչ հարված հասցրեց զիբիլին:

Լավ ասենք, թե աղանդ հիշեցնող այս իշխանությունը, որի կադրային քաղաքականությունը հիմնականում լոգիկայից դուրս է, որոշեց, որ Կարգին Հայկոն դառնա քաղաքագլուխ ու վերջինս էյֆորիկ ալիքով հասավ այդ պաշտոնին, բայց ռուսի ասած. «это ещё пол беды»: Հայկ Մարությանը, խորապես գիտակցելով իր սահմանափակ տվյալները կարող էր չէ բերել խորը, կամային ու ֆանտազիա ունեցող արհեստավարժ թիմ-գործիչների, բայց եղավ դրա հակառակը ու որի վառ առհավատչյան է Վիրաբյան Տիգրան ազգանուն անունով ինչ-որ մեկը, ով մշակույթի ու կրթության ոլորտների կուրատոր-փոխքաղաքապետն է: Վերջինիս անհոդաբաշխ մտքերի արտահայտչաձևը, գորշ կերպարը, անփորձ անցյալը և անհետաքրքիր տեսակը անօգուտ մի գոյություն է մայրաքաղաքի բալանսին նստած, ով հայտնվել է այդտեղ ոչ թե իշխանափոխական կեցվածքի համար, այլ Մարությանի մտերիմ ընկերը լինելու հանգամանքով: Իշխանության մեջ վնասատուներին հավասար են պարազիտները, որոնք պաշտոնն ու ժամանակը օգտագործում են առ ոչինչ` այսինքն բալաստ: Եվ դեռ լուրեր կան, որ Վիրաբյանը հավակնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Եթե պետական համակարգում խաղի հստակ կանոններ և կադրերի շարժի ճշգրիտ սանդղակ գործեր, ապա նման տեսակի մարդկանց ոլորտին իսկ մոտիկ չէին թողնի:

Երևանը ներքին կյանքի շիտակ կանոնների ու որակական երևույթների արտահանման քաղաք լինելու հավակնորդ է: Այն պիտի լինի ողջ հայության համաշխարհային կենտրոնը և աշխարհի հոգևոր, մշակութային կարևոր քաղաքներից մեկը: Երևանը չի կարող վերածվել ժամանացային ատրակցիոնի կամ տեխնիկական միջավայրի, որտեղ խելքները հասնում է միայն ծայրը ծայրին ապահովել զիբիլ թափելը, ասֆալտ փռելը ու միջոցառումներ անցկացնելը: Մայրաքաղաքին կամք ու երևակայություն է պետք, ուժեղ ստրատեգիա և հետաքրքիր տակտիկա է անհրաժեշտ: Մենք աշխարհին ասելու ու տալու բան ունենք և առաջին հերթին հոգևոր ու մշակութային ճանապարհներով,  և այս ամենի կիզակետը Երևանը պետք է լինի: Դրա համար կամ Հայկ Մարությանը պիտի վերաիմաստավորի իր թիմային տրամաբանությունը ու փոխի յուր դիրքորոշումը Վիրաբյանների և նմանների նկատմամբ, կամ երևանցին իր քայլը կանի` ուշ, թե շուտ: Մենք Գրիգորի Հասրաթյանի նման միջազգային կլասի քաղաքագլուխ ենք ունեցել` քաղաքի և հանրապետության պարծանքը: Մեր օրինակները բարձր են և չպիտի թույլ տանք, որ նշաձողն իջեցվի պրիմիտիվիզմի մակարդակին:

Խոսքս սկսեցի և ավարտում եմ Երևանի ամենաուժեղ ու ինքնատիպ քաղաքապետերից մեկի` Վանո Սիրադեղյանի, խոսքով. «...Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի՞: Որովհետև թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ: Նաև՝ դեբիլը չի մեծանում»։

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան, հրապարակախոս