Շիրակի մարզում կորոնավիրուսի վարակման մտահոգության լուրջ օջախներ չկան. Տիգրան Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ Շիրակի մարզպետը լսել է բոլոր պատասխանատուների զեկույցները՝ տարվող եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ եւ կարեւորել բոլոր կառույցների համագործակցությունը․ «Մեզ համար շատ կարեւոր է ամեն ինչ անել կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները, կարեւոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, օպերատիվ՝ աշխատանքներում»։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առողջության առաջնային օղակի գործունեությանը, առողջապահական հաստատություններում անհրաժեշտ ախտահանիչ նյութերի առկայությանը, մեկուսարանների պատրաստվածությանը։ Շիրակի մարզպետին է զեկուցվել, որ բոլոր կառույցներում ամեն ինչ արվում է վիրուսի կանխարգելման համար նախանշված միջոցառումներն անթերի իրականացնելու ուղղությամբ։

Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետը ճեպազրույց է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Տիգրան Պետրոսյանը նախապես նշել է, որ այս պահի դրությամբ մարզում որեւէ մտահոգիչ դեպք չի գրանցվել եւ ընդգծել, որ ամեն ինչ արվում է հնարավոր ռիսկերից խուսափելու համար․ «Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ մեզ մոտ չկան։ Ռիսկային գոտուց վերադարձած մարդիկ գտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում, նրանց թիվն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտրուկ կնվազի, քանի որ լրանում է հսկողության տակ գտնվելու ժամկետը։ Ռիսկեր, իհարկե, կան, հենց դրանք հաշվի առնելով ենք հանդիպում բոլոր պատասխանատու կառույցների հետ»։

Ըստ Շիրակի մարզպետի, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքացի ցուցաբերի քաղաքացիական պատասխանատվություն, պահպանի հիգիենայի կանոնները, ինչը մի քանի անգամ կնվազեցնի վիրուսի տարածման ռիսկը։