Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է համերգները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

սիմֆոնիկ

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները: Այս մասին գրառում է արվել նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից: Այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ չեղարկելով գալիք համերգները: Մենք ցավում ենք նման հարկադրված փոփոխության գնալու համար, սակայն բարձր ենք գնահատում մեր հանդիսատեսի առողջական անվտանգությունը և բարօրությունը: Երկրում առողջապահական իրադրության դրական տեղաշարժի դեպքում ընթացիկ համերգաշրջանի գալիք համերգների հասանելիության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,-նշված է հայտարարությունում:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կտեղադրվեն հատվածներ նվագախմբի համերգներից։ Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի: