Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News 

ՊՆ

Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- նշել է նա: 

Խոսնակը նշել է նաև, որ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը:

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ»,- գրել է նա։