Ղազախստանն արտակարգ դրություն է հայտարարել. ՀՀ քաղաքացիների մուտքը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

kazax

Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին` ժամը 08։00-ից սկսած, Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների  նկատմամբ.

  • Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ, 
  • ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,
  • Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,
  • Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

Նշենք, որ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման 9 դեպք է գրանցվել։